03/11/2010 13:50
Դ.Շահնազարյան. Աստրախանի փաստաթուղթը վտանգներ է պարունակում
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ ընդունված հռչակագիրը դրական է, քանի որ ունի հումանիտար բնույթ, սակայն նաև վտանգներ է պարունակում: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Ազգային Անվտանգության Ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Բանախոսի կարծիքով` փաստաթուղթը շատ վտանգավոր է և քաղաքական, և իրավական տեսանկյունից:
«Նախագահի մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանն ընդունում է, որ գտնվել ու գտնվում է պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Ընդ որում չկա պատերազմի երրորդ կողմ», - պարզաբանեց քաղաքական գործիչը, նշելով, որ «ռազմագերի» հասկացությունը, որ ամրագրվել է աստրախանյան հռչակագրում, սահմանված է միջազգայնորեն և վերաբերում է բացառապես պատերազմող երկրներին:
Ըստ Դ.Շահնազարյանի` այս փաստաթղթով Ադրբեջանը «մեծ ձեռքբերում» է ստացել, «այնքան մեծ, որի հետ չի կարող համեմատվել ՄԱԿ-ի ասամբլեայի օրակարգում գտնվող բանաձևը»:
«Այս լրջագույն փաստաթղթով նոր փուլ է սկսվում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում», - հավելեց Շահնազարյանը: