04/11/2010 10:52
Էրդողանն առաջարկել է միջնորդ լինել Սերբիայի և Կոսովոյի միջև
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` 2008 թվականից Սերբիայից անկախ ինքնահռչակված Կոսովո այցի ժամանակ երեկ հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է աջակցել Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխուսությանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, մեջբերելով Կոսովոյի և Մետոխիայի ռադիոն` թուրք վարչապետը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի պաշտոնակատար Խաշիմ Տաչիի հետ:
«Մենք պատրաստակամ ենք անելու այն ամենը, ինչն անհրաժեշտ է Կոսովոյի և Սերբիայի միջև երկխոսությանը, քանի որ դա կնպաստի Բալկաններում կայունությանն ու անվտանգությանը»,-ասել է Էրդողանը:
Թուրք պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացը կշարունակվի Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների մեկնարկից հետո:
Իր հերթին Տաչին նշել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների նոր փուլի ձևավորման հարցում:
«Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ նշանակություն ունի: Անցյալում տարածաշրջանը վերապրել է բազում բացասական իրադարձություններ, բայց այսօր բացվել է բարիդրացիական հարաբերությունների և եվրոատլանտյան ինտեգրման նոր էջ»,- ասել է Տաչին: