04/11/2010 11:09
Հայաստան կայցելի իրանցի գործարարների պատվիրակություն
Այս օրերին Հայաստան է այցելելու Իրանի Արդաբիլ նահանգի գործարարների պատվիրակություն: Նոյեմբերի 5-ին արդաբիլցի գործարարները կհյուրընկալվեն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում։ ՀՀ ԱԱՊ Միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը մեզ հայտնեց, որ պատվիրակությունը բաղկացած է շուրջ 20 գործարարներից, որոնք ներկայացնում են բազմապիսի ոլորտներ` գյուղատնտեսական ապրանքներ (մեղր, սերմեր և այլն), ձկնաբուծություն, շինարարություն, արդյունաբերության տարբեր ոլորտներ։ Պատվիրակությունը գլխավորելու է Արդաբիլ նահանգի առևտրային կազմակերպության ղեկավարը:
«Սա այս նահանգից գործարարների առաջին այցն է Հայաստան: Տեղի ձեռներեցների հետ նախնական պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն հրավիրելու ենք հայ գործարարներին և երկկողմանի հանդիպումների արդյունքում հույս ունեմ, որ կոնկրետ արդյունքներ կլինեն»,- ասաց Վ. Ամիրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը ներկայում 400 միլիոն դոլար է։ Այս տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին նշել էր, որ առևտրաշրջանառությունը պետք է հասցնել գոնե 1 միլիարդի։