04/11/2010 14:15
4G տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն Orange-ում
Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի առաջին տարեդարձին ընդառաջ` այսօր Orange-ը և Nokia Siemens Network-ը մեկնարկեցին 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն: Միայն երկու օր` նոյեմբերի 4-ին և 5-ին, Orange-ի գլխավոր խանութում բոլոր այցելուները կկարողանան տեսնել նորագույն 4G տեխնոլոգիաների կենդանի ցուցադրություն:
«Այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք հասարակության լայն շերտերին ցուցադրել և շոշափելի դարձնել 4G տեխնոլոգիաների հնարավորությունները: Այսօր Nokia Siemens Networks-ի հետ կենդանի ցուցադրությամբ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք անում` տեսանելի դարձնելու ապագայի շարժական կապը լայն հանրության համար: Orange-ի առաքելությունն է լինել Հայաստանում նորարարությունների ջատագովը և առաջնորդը», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Ես հպարտ եմ այսօր հաստատել, որ Ֆրանս Տելեկոմ/Orange-ը լիովին տիրապետում է LTE տեխնոլոգիաներին և ունի անհրաժեշտ մասնագիտական ողջ պատրաստվածությունը: Այսօրվա կենդանի ցուցադրությունը դրա լավագույն արտահայտումն է», ասաց Orange- Տեխնիկական տնօրեն Ժան-Մարի Գարսիան:
Ինչպես հայտնում են ընկերությունից, «Nokia Siemens Networks» ընկերությունն աշխարհի առաջատարներից մեկն է LTE կամ ինչպես սովորաբար ասում են` 4G տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, և մենք ուրախ ենք համագործակցել Orange Արմենիայի հետ, որի հետ մեր համատեղ գործունեությունն արդեն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և լավագույն արդյունքը վերջնական սպառողի համար: Nokia Siemens Networks ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 Մբիթ/վրկ արագություն ներբեռնման և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն վերբեռնման համար », ասաց NSN Արմենիա ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանը:
4G կամ LTE տեխնոլոգիան շարժական ցանցային տեխնոլոգիաների զարգացման ամենավերջին ստանդարտն է` GSM/EDGE և UMTS/HSPA ցանցային տեխնոլոգիաներից հետո: Ապագայում 4G կփոխի ինտերնետի օգտագործման ներկա պատկերացումները` մասնավորապես թույլ տալով ստանալ բարձր որակով մուլտիմեդիա բովանդակություն ոչ միայն տանը, այլ նաև շարժման մեջ, ինչպես նաև` օգտագործել համակարգչային ծրագրերն ու անձնական բովանդակությունն առցանց: