05/11/2010 14:30
Ալիզադե. ԱՄՆ-ի հայամետ դիրքորոշումը չի փոխվի
«Ամերիկայի քաղաքականությունը երկկուսակցական է և երբեք արմատապես չի փոխվում` անկախ նրանից իշխանության մոտ դեմոկրատներն են թե` հանրապետականները: Ամերիկայի ղեկավարության հայամետ դիրքորոշումը 1988-ից է և պահպանվում է մինչ օրս` ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մոտ», - հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` «Զերկալո» պարբերականին:
Խոսելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման, մասնավորապես Մեթյու Բրայզայի թեկնածության շուրջ` քաղաքագետը նշել է, որ դեսպանի նշանակման ձգձգումը կապված է ինչպես ԱՄՆ ներքին, այնպես էլ «Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության հետ, որն, իհարկե, ինչ որ բանից դժգոհ է»:
«Նրանք ինչ որ բան են ուզում ստանալ Ադրբեջանից, և դա կապված է ոչ թե ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ, այլ ԱՄՆ-ի պետական շահերի: Նրանք դա չեն ստանում և դժգոհություն են արտահայտում` չնշանակելով դեսպանին», - ասել է Ալիզադեն: