05/11/2010 12:39
Գրանթ Թորնթոն Ամիօ-ն` արդեն նաև Տաջիկստանում
2010 թ. հոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Հայաստանյան անդամ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության նոր դուստր ձեռնարկությունը սկսեց իր գործունեությունը ծավալել Տաջիկստանում:
Ինչպես հայտնում են ընկերությունից, լինելով տարածաշրջանի առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերություն՝ Գրանթ Թորնթոն Ամիօն ունի 140-ից ավելի աշխատակազմ, ովքեր աշխատում են Հայաստանի, Վրաստանի, այսուհետ նաև Տաջիկստանի գրասենյակներում:
«Բոլորովին վերջերս Դուշանբեում գրանցեցինք մեր նոր դուստր-ձեռնարկությունը, ինչը կարևոր քայլ է մեզ համար տարածաշրջանում մեր ցանցը զարգացնելու ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ Գրանթ Թորնթոնը կունենա նույնպիսի հաջողություններ, ինչպիսիք գրանցեցինք Վրաստանում: Հոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Տաջիկստանը պաշտոնապես ընդգրկվեց Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կազմում որպես լիարժեք անդամ»,- ասել է Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության տնօրեն- բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն- բաժնետեր է նշանակվել Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը նշեց. «Մենք միշտ մասնակցել ենք միջազգային մրցույթներին, որի հետևանքով էլ վերջին տարիներին բավարար թվով հաճախորդներ ձեռք բերեցինք Տաջիկստանում: Արդյունքում որոշեցինք հիմնել մեր դուստր ձեռնարկությունը այնտեղ: Ներկայումս մեր հիմնական խնդիրն է զարգացնել նորաստեղծ ընկերությունը և ձեռք բերել առաջատար դիրքեր շուկայում: Այդ գործընթացը կիրականացվի Տաջիկստանում տեխնիկական և մարդկային ռեսուրսների ընդլայնման, տեղական աշխատողների և իվերջո բաժնետերերի ներգրավման միջոցով»:
Գրանթ Թորնթոնը հանդիսանում է միջազգային աուդիտորական և խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող համաշխարհային խոշորագույն կազմակերպություններից մեկը: Անդամ ընկերությունները մասնավոր և հանրային ոլորտի ձեռնարկություններին մատուցում են աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ: