05/11/2010 12:15
ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների նիստը` Տաջիկստանում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նոյեմբերի 2-3-ը Ռուսաստանի դաշնության Կազան քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 5-րդ նիստին և, միաժամանակ, դիտորդի կարգավիճակով ներկա գտնվել նույն քաղաքում այդ օրերին ընթացող ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ-պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 16-րդ նիստին: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարի մամուլի խոսնակը:
Խորհուրդն անդրադարձել է հետևյալ հիմնահարցերի քննարկմանը` ա) վարչարարության բարելավման իրավական հիմքերի վերանայման ասպեկտները, բ) անվճար իրավաբանական օգնության արդի հիմնախնդրները, գ) դատական ակտերի կատարման ոլորտում միջազգային իրավական համագործակցության բարելավման ուղիները և դ) վեճերի արտադատական քննության գործում հաշտարարի ինստիտուտի ներդրման սոցիալ-քաղաքական հիմքերը:
Նշված հարցերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն անդրադարձել է արդեն իսկ ձեռք բերված արդյունքներին և ներկայացրել մի շարք առաջարկություններ: Մասնավորապես, խորհդում հավանության են արժանացել հետևյալ հիմնադրույթները` ա) անվճար իրավաբանական օգնության հիմքում դնել ոչ թե գործերի բնույթը, այլ` հաճախորդի վճարունակությունը, բ) արմատապես վերանայել վարչարարության սկզբունքները, դրանցում գերակա դեր վերապահելով կառավարման էլեկտրոնային համակարգին, պաշտոնատար անձանց հետ շփումների նվազմանն ու, հետագայում` բացառմանը, կառավարմանը մասնակցելու սահմանադրական իրավունքի մատչելիության ապահովմանը և այլն:
Միաժամանակ, Հանրապետության արդարադատության նախարարն առաջարկել է վերանայել իրավական համագործակցության վերաբերյալ նախկինում կնքված միջազգային պայմանագրերը, դրանք դարձնել առավել գործնական: Մասնավորապես, ըստ նախարարի, արդի համակարգչային մատչելի տեղեկատվության առկայության պարագայում ժամանակավրեպ են բոլոր այն դրույթները, որոնք կողմերին պարտավորեցնում են մինյանց փոխանցել տեղեկատվություն` ընդունված օրենսդրական ակտերի, նախաձեռնությունների, գործունեության վիճակն արտացոլող վիճակագրական տվյալների վերաբերյալ: Փոխարենը մեծ արդիականություն են ձեռք բերել կոնկրետ հարցադրումներով ամփոփ վերլուծությունների արդյունքները համատեղ քննարկելու և նմանաբնույթ այլ խնդիրները:
Բոլոր նախարարները համակարծիք են եղել են հարցում, որ հարկ է ներդնել իրավական ակտերի գործողության մոնիտորինգի ինստիտուտը, որպեսզի հնարավոր լինի կոնկրետ չափանիշներով գնահատել ընդունված օրենքի փաստացի արդյունավետությունը, իսկ արդյունքները հաշվի առնել իրավական ակտերի մշակման աշխատանքներում:
Խորհրդի որոշմամբ ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 6-րդ նիստը կայանալու է Տաջիկստանում` 2011թ. սեպտեմբերին: