05/11/2010 15:33
Orange-ն ամփոփեց Հայաստանում 1 տարվա արդյունքները
Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին, որն ընկերության համար լավ առիթ դարձավ` ամփոփելու մեկ տարվա արդյունքները:
Մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ: Ընկերության` ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության 93%-ը և ամենաընդարձակն է երկրում: Մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով:
Ինչպես նշում են ընկերությունում, մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ մինչև 14.4 Մբիթ/վ ներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, Ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության: Առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարության դաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչ նորարարությունները:
Ցանկանալով լինել իր բաժանորդներին մոտ` Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քան 2000 վաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:
«Հայաստանում մեր հաջողությունները հնարավոր են դարձել մեր տաղանդավոր թիմի շնորհիվ, որի խանդավառության և միասնական ջանքերի շնորհիվ ենք կարողանում կյանքի կոչել մեր ծրագրերը: Այսօր 650 հոգի աշխատում է Հայաստանում Orange-ի կայացման համար, որոնց միավորում են Orange-ի արժեքները և միմյանց ու բաժանորդների նկատմամբ հոգատարության ներքին պարտավորությունը », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորի համար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը: