08/11/2010 17:39
Բակո Սահակյան. Պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրների քննարկմանը:
Արցախի ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական և պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաև կարևորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: