08/11/2010 13:56
Կարծիք. Ադրբեջանում ընտրությունների արդյունքները սպասելի էին
Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները բոլորի համար էլ սպասելի էին: Սակայն ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, որին մասնակցել էր ընտրողների մոտ 65 տոկոսը, այս անգամ, ըստ նախնական տվյալների, գրանցվել է 50 տոկոսից ոչ ավելի: Այսինքն, նկատվում է 15 տոկոսի անկում: Նման տեսակետ հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Արդեն տեղեկություն կա, որ խորհրդարան են անցել երկրի իշխող կուսակցության մոտ 70 անդամ, այդ թվում` նախագահ Ալիևի կինը»,- ասաց նա և հավելեց, որ նկատի ունենալով, թե ինչպիսի գործողություններ են ծավալվում Ադրբեջանում ընտրությունների ժամանակ, ապա կարելի է ենթադրել, որ ընտրողների իրական թիվը 30-35 տոկոսից չի անցել:
Գ. Հարությունյանի խոսքերով` Ադրբեջանում բոլորը, կարծես թե, հաշտվել են եղած իրադրության հետ:
Խոսելով Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդի դրական գնահատականի մասին` Հարությունյանը նշեց, որ դա որոշակի անտարբերության վկայություն է: