08/11/2010 15:42
ԼՂՀ-ում ընտրություններն ավելի ժողովրդավար էին, քան Ադրբեջանում
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն ընթացել են բազմաթիվ խախտումներով, նույնիսկ աղաղակող խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
«Միայն այն փաստը, որ Ադրբեջանում ընտրությունները 100 տոկոսով մեծամասնական են, արդեն խոսում է, որ ժողովրդավարությունը խորհրդարանում ապահովված չէ»,- ընդգծեց Հ.Կարապետյանը:
ԱԺ պատգամավորը նկատեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ ընտրությունները որոշ ժամանակով տարբեր ընտրատարածքներում դադարեցվել են, իսկ որոշներում էլ` ոստիկանությունն ինչ-որ ժամանակով կալանավորել է ընդդիմադիր գործիչների դիտորդներին:
Միևնույն ժամանակ, Հ. Կարապետյանը հույս հայտնեց, որ Եվրախորհուրդը և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իրենց օբյեկտիվ գնահատականը կտան ադրբեջանական ընտրություններին:
Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ Արցախում ընտրությունները հարյուրապատիկ անգամ ավելի ժողովրդավար են անցել, քան Ադրբեջանում: