08/11/2010 14:34
Հ.Կարապետյան. Ադրբեջանի դիվերսիաները վերևից են թելադրվում
Նկատելի է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սադրանքները, զինադադարի խախտումները նվազել են: Նման տեսակետ հայտնեց հրավիրված մամլո ասուլիսում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի` դա կարող է պայմանավարված լինել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ. «Դրանից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր դիվերսիա կամ սադրանք իրենց մոտ վերևից է թելադրվում: Այսինքն` դրա պատվերը վերևից է գալիս, իսկ վերևում այսօր զբաղված են խորհրդարանական ընտրություններով, ընտրական հարցերով և ժամանակ չունեն զբաղվելու մանր-մունր հարցերով` իրենց համար մանր-մունր »,- ասաց Հ. Կարապետյանը և ընդգծեց, որ մեզ համար միշտ էլ կարևոր են նման հարցերն` իրենց արդյունքներով:
Բանախոսը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հայկական կողմից միշտ էլ բարձրացվում է դիպուկահարներին սահմանային մասից հանելու հարցը, սակայն ադրբեջանցիները միշտ էլ մերժում են` «չհասկանալով, որ յուրաքանչյուր զոհի դիմաց մենք կարող ենք կրկնակին անել` պատճառելով հենց իրենց կրկնակի զոհեր»: Սակայն, ինչպես ասաց Կարապետյանը, ադրբեջանցիների համար մարդկային ռեսուրսները, ի տարբերություն մեզ, այդքան էլ կարևոր չեն: