09/11/2010 09:21
ԱՄՆ Պետդեպը քննադատել է Ադրբեջանում անցած ընտրությունները
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, սակայն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ Պետդեպը համախոհություն է հայտնել ԵԱՀԿ դիտորդ առաքելության կարծիքի հետ, որ ընտրությունների անցկացումը չէր համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:
«Ընտրությունների որոշ տեխնիկական կողմեր, այդ թվում` կենտրոնացված գրանցումը և տեղի դիտորդների ռեկորդային թվի ներգրավումը, արտացոլում էին բարելավում, ինչպես և կին-թեկնածուների համեստ տոկոսային աճը: Այնուամենայնիվ, նախընտրական գործընթացում և հենց ընտրությունների օրը լուրջ բացթողումներ են արձանագրվել», - նշում է ԱՄՆ Պետդեպը:
Խնդիրների թվում Քրոուլին նշում է ԵԱՀԿ դիտորդների կողմից նշված` տարբեր թեկնածուների ոչ հավասարաչափ նախընտրական լուսաբանումը ԶԼՄ-ներում, խոսքի և հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումը, թեկնածուների գրանցման ոչ կատարյալ գործընթացը, որը անհավասար պայմաններ է ստեղծել ընտրությունների մասնակիցների համար:
Ընտրությունների օրը, ըստ Քրոուլիի, միջազգային դիտորդները ընթացակարգի լուրջ խախտումներ են նկատել, այդ թվում` քվեատուփերի լցոնումը կեղծ քվեաթերթիկներով:
«Մենք կարող ենք կոչ անել ադրբեջանական կառավարությանը այժմ կենտրոնանալ ընտրությունների հետ կապված բողոքների արդար, թափանցիկ և մանրազնին քննության վրա, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն պաշտոնատար անձինք, որոնք կասկածվում են արդար ընտրությունների գործընթացին ապօրինի միջամտության մեջ: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել խոսքի, ժողովների և միությունների ազատությունը», - ասված է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ: