10/11/2010 09:39
«Լրտեսները» կկանգնեն Վրաստանի դատարանի առջև
Մոսկվան պահանջում է թույլ տալ ռուսաստանցի դիվանագետների հանդիպումը Վրաստանում ձերբակալված և լրտեսության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիների հետ: Թբիլիսին խոստանում է, որ ձերբակալվածների իրավունքները չեն խախտվի:
Հիշեցնենք, որ համաձայն Թբիլիսիի տրամադրած տեղեկատվության, լրտեսության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիներն են Արմեն Գևորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրո Դևրիշաձեն և Յուրի Սկրիլնիկովը:
Թբիլիսին ձերբակալվածների վերաբերյալ բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ, սակայն, ինչպես Բի-բի-սի-ին հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, Վրաստանի ԱԳՆ-ն արդեն ստացել է ՌԴ նոտան` ձերբակալվածների մասին տեղեկատվության տրամադրման խնդրանքով:
«Մենք ստացել ենք պաշտոնական նոտան շվեյցարական դեսպանատան միջոցով, համաձայն որի, նրանք պահանջում են տեղեկատվություն այդ մարդկանց վերաբերյալ` նրանց իդենտիֆիկացման համար և վստահ լինելու, որ նրանք իրոք ռուսաստանյան քաղաքացիներ են», - հայտնել է Կալանդաձեն:
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանը դիմել է իրենց խնդրանքով` հնարավորություն ընձեռել հանդիպել ձերբակալվածների հետ:
«Մենք, իհարկե, կապահովենք ձերբակալվածներին բոլոր իրավունքներով, որոնք նախատեսված են օրենսդրությամբ», - հավաստիացրել է Նինո Կալանդաձեն:
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ ռուսաստանյան կողմի հետ այժմ բանակցություններ չեն վարվում:
«Առաջին հերթին այն պատճառով, որ նրանք, համաձայն վրաստանյան օրենսդրության, կասկածվում են լրտեսության մեջ, որը նշանակում է, որ նրանք կկանգնեն Վրաստանի դատարանի առջև և, համապատասխանաբար, եթե նրանց մեղավորությունն ապացուցվի, պատասխանատվություն կկրեն համաձայն վրաստանյան օրենսդրության», - հայտարարել է Նինո Կալանդաձեն: