12/11/2010 10:57
ՀԲԸՄ-ը կոչ է անում աջակցել «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում Միության անդամներին, բարեկամներին և հանրությանը` իրենց նվիրատվությունն անելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում, նոյեմբերի 25-ին` Գոհաբանության օրը:
ՀԲԸՄ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ավելի քան մեկ տասնամյակ այս հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել սփյուռքի, Հայաստանի և Արցախի հայությանը միավորելու գործում:
Ձեր այս տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը և խմելու ջրի համակարգի անցկացմանը, որը կնպաստի այդ շրջաններում արցախցիների կենսամակարդակի բարձրացմանը: Ներկայումս Արցախի մոտ 200 գյուղեր զրկված են խմելու ջրից:
Հեռուստամարաթոնը միաժամանակ կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրին, որից արդեն իսկ օգտվել են Հայաստանի և Արցախի սահմանամերձ ավելի քան 20 գյուղական համայնքներ:
Անկախության համար պայքարի առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի քաղաքացիներին շարունակական ճնշումների դեմ և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:
Ձեր ներդրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին կշարունակի արցախցիներին աջակցելու ավանդույթը` երաշխավորելով բարեկեցիկ կյանք և պայծառ ապագա Արցախի ժողովրդի համար:
18 տարի առաջ իր ստեղծումից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամը ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր է իրականցրել Հայաստանում և Արցախում: Այն կառուցել և վերակառուցել է ավելի քան 470կմ երկարությամբ ճանապարհ, 212կմ երկարությամբ ջրագիծ ու ջրատար, 144կմ գազատար, շուրջ 218 դպրոց և մանկապարտեզ, հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական հիմնարկներ, մշակութային կենտրոններ ի շահ հայ ժողովրդի»: