12/11/2010 16:25
«Մենք նստած ենք ոսկու դեզի վրա և չգիտենք այդ մասին»
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանում արձանագրվել է գինու արտահանման ցուցանիշի 53 տոկոս աճ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանման 65-70 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 30 տոկոսը` ԱՄՆ-ին և ԵՄ երկրներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ըստ նրա` ԱՄՆ և ԵՄ արտահանվող գինիների սպառողների 95 տոկոսը սփյուռքահայերն են, ովքեր գնում են «նոստալժիկ զգացմունքների հետևից»:
«Հայկական սփյուռքը կատարում է երկակի դեր` խիստ բացասական և խիստ դրական: Դրական` այն առումով, որ գնում է հայկական գինին, և բացասական, քանի որ գնում է միայն այն պատճառով, որ այդ գինին հայկական է»,- նշեց Ա. Հարությունյանը:
Ըստ նրա` այս հանգամանքը չի ստիպում հայ արտադրողին, որ նա բարձրացնի գինու որակը:
Մասնագետի հաշվարկներով, եթե սփյուռքում գինի օգտագործող յուրաքանչյուր ընտանիք գոնե տարեկան մեկ շիշ գինի գնի, ապա Հայաստանի ռեսուրսները չեն հերիքի:
«Մենք նստած ենք ոսկու դեզի վրա և չգիտենք այդ մասին»,- շեշտեց Հայաստանի գինեգործների միության նախագահը: