12/11/2010 09:22
Սեուլում քննարկվել են գլոբալ տնտեսության խնդիրները
«Մեծ քսանյակի» երկրների նախագահները և գագաթնաժողովին հրավիրված պետությունների կառավարության ղեկավարները Սեուլում քննարկել են գլոբալ տնտեսությանը և շրջանակային համաձայնագրի մշակմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:
Նիստը բացել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը` հրավիրելով մասնակիցների ուշադրությունը համաշխարհային տնտեսության այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են գլոբալ դիսբալանսները, որոնք խոչընդոտում են կայուն տնտեսական աճի վերականգնումը:
Այնուհետև ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրրիան` տեղեկացնելով ներկաներին կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:
Առաջին լիագումար նիստի ավարտից հետո երկրների առաջնորդները կշարունակեն աշխատանքը: Երկրորդ նիստի գլխավոր թեման է ֆինանսական ինստիտուտների վերափոխումը: