12/11/2010 14:19
Կ. Դանիելյան. Ուրանային ծրագիրը սպառնում է նոր արտագաղթով
«Մեզ համար ուրանային ծրագիրը սկզբունքորեն ընդունելի չէ, որովհետև միջազգային պրակտիկայում այսօր չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որպեսզի ուրանային հանքարդյունահանում լինի և չլինի շրջակա միջավայրի աղտոտվածություն ու շատ մեծ վնաս»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Ըստ նրա, տնտեսական տեսանկյունից, եթե նույնիսկ ուրան արդյունահանվի և վաճառվի Իրանին, թեև «այստեղ էլ քաղաքական խնդիրներ են առաջանում», վնասը կլինի այնպիսին, որ ոչ միայն մաքուր գյուղատնտեսություն, որն առաջնահերթություն է կառավարության ծրագրում, այլ նաև տուրիզմ հնարավոր չի լինի զարգացնել:
Կ. Դանիելյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, ու թեև հանքը բաց տարբերակով չի նախատեսվում շահագործել, այնուամենայնիվ ուսումնասիրություններն ապացուցում են, որ ամբողջ տարածաշրջանում և մեզ մոտ սեյսմիկ ռիսկերն աճում են, և հնարավոր չէ ընդերքում աշխատել ու չվանսել շրջակա միջավայրին. «Մի փոքր երկրաշարժի դեպքում ամբողջը կարող է դուրս գալ մակերևույթ»:
Կ. Դանիելյանը հիշեցրեց, որ հանրապետության այս փոքր տարածքում ունենք մոտ 15 պոչամբարներ, թունաքիմիկատների առնվազն 2 խիստ վտանգավոր գերեզմանոց:
«Մենք մեր ընդերքը հանում ենք, երկիրը` թույնով ծածկում: Սա արտագաղթի մի նոր հսկայական ալիք է սկսվելու»,- ընդգծեց Կ. Դանիելյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ ի վերջո այս իրավիճակը կփոխվի:
Aysor.am-ի հարցին, թե ԽՍՀՄ տարիների կատարված հետազոտության արդյունքներով որքա՞ն ուրանի պաշար կա Սյունիքում և դա բավարա՞ր է, որպեսզի ներկայումս արդյունահանում սկսվի, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ այն ժամանակ ինֆորմացիան փակ էր, բայց սկզբում հայտարարվեց 30 հզ. տոննայի մասին, երկրորդ անգամ` 60 հզ. տոննա, հետո երբ աղմուկ բարձրացավ, թիվը միանգամից սկսեցին իջեցնել: Նրա խոսքով, Ռուսաստանը, քանի որ շատ մեծ տեմպերով զարգացնում է իր ատոմային քաղաքականությունը, 2015 թ-ին ընդհանրապես կմնա առանց ԽՍՀՄ ժամանակաշրջանում կուտակված պաշարների, իսկ այդ դեպքում ամեն մի գրամ ուրանը շատ մեծ նշանակություն կունենա, քանի որ գները մի քանի` 10 կամ 15 անգամ կբարձրանան: