12/11/2010 14:11
Ա.Հարությունյան. Տարին հաջող էր գնինեգործների համար
«Տարին հաջող էր գինեգործների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը և նշեց, որ այս տարի գինեգործները մթերել են 135 հազար տոննա խաղող:
Բանախոսը նշեց, որ այս տարվա մթերման ցուցանիշները մի փոքր ավելի են, քան անցյալ տարի, երբ մթերվել է 128-129 հազար տոննա, բայց ավելի քիչ` քան 2007 և 2008թթ.-ին, երբ մթերվել էր 144 հազար տոննա:
«Այս տարին յուրահատուկ էր` համեմատաբար բարձր որակի խաղող ունեցանք»,- շեշտեց Ա. Հարությունյանը և որակը պայմանավորեց ինչպես լավ եղանակային պայմաններով, այնպես էլ խաղողամշակների կողմից լավորակ հումքի մատակարարմամբ:
Ըստ նրա, խաղողի մթերման միջին գինը այս տարի մի փոքր ավելի բարձր էր, քան անցյալ տարի` 124 դրամ անցած տարվա 117-ի դիմաց:
Այս տարվա խաղողի մթերման միջին գինը շատ ցածր էր 2007 և 2008թ.-ի մթերման միջին գների հետ համեմատած, երբ խաղողի մթերման միջին գինը համապատասխանաբար 140 և 142 էր կազմել:
«Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի հետ համեմատած գինու իրացման բնագավառում գրանցվել է 20 տոկոս աճ, 20 տոկոսի աճ էլ` կոնյակի»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը և հավելեց, որ այս տարվա թանկացումները խաղողի մթերման գների վրա չեն ազդել: