13/11/2010 13:28
Կ. Աճեմյան. «Ադրբեջանն աշխարհին ներկայանում է Ալիևի արձաններով»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` բարոյական և մշակութային: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանի նախաձեռնությամբ երեկ պետք է մեկնարկեր Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երևանում, որը, սակայն, ձախողվեց: Նշենք, որ փառատոնի անցկացման գաղափարը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:
Աճեմյանը նկատեց, որ այժմ, երբ հրադադարի ռեժիմն անընդահատ խախտվում է հակառակորդի կողմից և Ադրբեջանի առաջին դեմքից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, փառատոնի անցկացումը նմանվում է ռոմանտիզմի, որը տեղին չէ:
«Մշակութային տեսանկյունից ևս երկխոսություն չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը սնանկ է մշակույթից և իր բարդույթները հաղաթահարելու ձև է գտել` ռազմավարություն իրականացնելով ոչնչացնում և սեփականացնում է մեր մշակութային արժեքները»,- ասաց Կ. Աճեմյանը:
Ըստ նրա` փառատոնը մշակութային երկխոսության միջոց չէ, այն` երկխոսությունը, պետք է լինի քաղաքական և դիվանագիտական օղակներում:
«Ադրբեջանը մշակութային ժառանգություն չունի և աշխարհին ներկայանում է Ալիևի արձաններով կամ էլ ուրիշների մշակութային արժեքները սեփականաշնորհելով»,- ասաց նա և հավելեց, որ չի բացառվում, որ այդ ֆիլմերը կարող են լինել նաև հակահայկական:
ԱԺ պատգամավորի խոսքերով` հասարակական կազմակերպությունն օրիգինալ և խաղաղասեր երևալու համար է կազմակերպել նման փառատոն: Նա խորհուրդ տվեց ՀԿ-ին իր ֆինանսներն ուղղել ավելի ազգանվեր գործերի իրականացմանը: