13/11/2010 14:28
Բացվեց աշխատանքի տոնավաճառը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում` Կառավարական թիվ 3 շենքում բացվեց աշխատանքի տոնավաճառը: Միջոցառմանը շուրջ 80 ընկերություն հնարավորություն ունեցավ կարճ ժամանակահատվածում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների հետ, ինչպես նաև` ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա, գովազդել կազմակերպությունը, արտադրանքը կամ ծառայությունը: Տոնավաճառի գլխավոր խնդիրն է հանրության լայն շրջանակներում տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, ինչպես նաև` թափուր աշխատատեղերի հստակ առաջարկություններ ներկայացնելը: Նշենք, որ տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները կարող են հանդիպել և հարցազրույց անցնել անմիջապես գործատուների հետ` առանց աշխատանքային գործակալությունների միջնորդության:
Տոնավաճառում տարբեր կարգի ընկերություններ հանդես եկան թափուր աշխատատեղերի առաջարկով տարբեր ոլորտներում` արտադրություն, թեթև արդյունաբերություն, սննդամթերք, տեղեկատվական համակարգ, հյուրանոցային սպասարկում, զբոսաշրջություն և այլն: Առավոտվանից տոնավաճառ էին այցելել մեծ թվով աշխատանք փնտրողներ, ինչպես նաև` նրանք, ովքեր ցանկանում էին տեղեկություն ստանալ աշխատաշուկայի միտումների, զբաղվածության պետական ծառայությունների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների և նրանց ծրագրերի վերաբերյալ: