15/11/2010 17:26
«Մեր բանակն ի վիճակի է իրականցնել իր առջև դրված ցանկացած խնդիր»
Նման զորավարժությունների անցկացումը շատ կարևոր է, իսկ բանակի մարտունակությունն ու նրա հետ կապված հարցերը հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, քանի որ ՀՀ նախագահը կանգնած է բանակի ակունքներում, և ի տարբերություն Ալիևի ու նրա նմաների` միշտ զինվորի կողքին է: Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժությանը՝ Aysor-ին հայտնեց ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը:
«Ադրբեջանն ավելի քան 15 տարի հայտարարում է նոր պատերազմ սկսելու, ինչ-որ տարածքներ գրավելու անհրաժեշտության մասին, թե, իբր, իրենց բանակը հզոր է և կարող է լուծել իր առջև դրված խնդիրները: Մենք մեր բանակի մարտունակությամբ ենք պատասխան տալիս մեր թշնամիներին, իսկ Արցախում (Ակն բնակավայրի զինվորական հրաձգարան) տեղի ունեցած մեծամասշտաբ զորավարժությունը մեկ անգամ ևս փաստեց, որ մեր բանակ մարտունակ է և ի վիճակի է իրականցնել իր առջև դրված ցանկացած խնդիր՝ լինի դա հարձակողական, թե պաշտպանական»,- ասաց ազատամարտիկը:
ԱԺ պատգամավորը հավելեց, որ մեր բանակը արյան գնով է ստեղծվել, պատերազմի բոհում է ձևավորվել, իսկ ադրբեջանականը, ինչպես իրենց երկիրը՝ արհեստածին է, որը պարտությունից բացի այլ բան չի տեսել:
«Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանին թվում է, թե մենք հարձակողական մարտեր չենք կարող մղել. եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք մինչև վերջ գնալու ենք ու վերջացնելու ենք այն գործը, որը կիսատ ենք թողել 1994 թ.-ին: Մենք չենք մոռացել, որ Ադրբեջանը օկուպացրել է Շահումյանը, Գետաշենը, Մարտունու և Մարտակերտի մի մասը, և եթե Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակի ու փորձի պատերազմ սկսել հայ ժողովրդի դեմ, այս անգամ դա կատարյալ ֆիասկո կլինի այդ երկրի ու նրա ղեկավարների համար»,- ընդգծեց Ա. Մխիթարյանը: