16/11/2010 13:56
Ժ.Դադասյան. «Հաչան շունը կծող չի լինում»
Վանյանի նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու միտքը չպետք է քաղաքականացնել: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Խոսքն ընդամենը փառատոնի մասին է։ Որպես հաղթող կողմ մենք չպետք է բարդույթավորվենք։ Հաղթած ժողովուրդը պետք է մի դաս բարձր մնա և վերևից նայի պարտվողին։ Պարզապես գրգռում է այն, որ մեզ մոտ պետք է ցուցադրվեին մեր հարևանի ֆիլմերը»,- ասաց Ժ. Դադասյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, արժե տեսնել` ինչ են նկարում ադրբեջանցիները։
Դադասյանի խոսքերով` հայկական կողմը պետք է սառնասիրտ և արժանապատիվ կեցվածք ընդունի և աշխատի որքան հնարավոր է լավ ճանաչել իր թշնամուն. «Իսկ նման փառատոնները հարևանին ճանաչելու լավ ճանապարհ են»,- նշեց Դադասյանը՝ հիշեցնելով, որ «հաչան շունը կծող չի լինում»: