16/11/2010 09:31
Սահակաշվիլին Ջավախքի տնտեսական զարգացում է ակնկալում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, անձամբ բացելով Թբիլիսին Ախալքալակի և Թուրքիայի սահմանի հետ կապող ճանապարհը, շնորհակալական խոսքեր է հղել ԱՄՆ կառավարությանը` «այդ պատմական նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը ֆինանսավորելու համար»:
Նրա գնահատմամբ, այդ ճանապարհն ունի «պատմական, քաղաքական և ռազմավարական» նշանակություն, հայտնում է russian.china.org-ը:
Սահակաշվիլին նշել է, որ Սամցխե-Ջավախքի շրջանը, որ, ըստ նրա, նախորդ իշխանությունների օրոք հեռացել էր Վրաստանից, վերադառնում է և տնտեսապես զարգանում:
«Այս տարածաշրջանը տարիներ շարունակ, հատկապես անկախության հռչակումից հետո, փաստացիորեն հեռացվել էր Վրաստանից, և պետք է ասել, որ հեռացման համար նախորդ կառավարությունը քիչ բան չի արել: 2004 թվականից հետո ամենը փոխվեց, և այժմ այլ ուղղությամբ է ընթանում: Այսօր այնտեղ վիճակը բարելավվել է, տեղի է ունենում ինտեգրումը Վրաստանի հետ: Միևնույն ժամանակ, արագ քայլերով զարգանում է տնտեսությունը», - հայտարարել է Սահակաշվիլին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, նշելով ճանապարհի կարևորությունը, նաև ընդգծել է, որ այն օգտակար կլինի նաև ավտոմեքենաներին, որոնք Թուրքիայից Վրաստանի տարածքով են անցնում:
Նշենք, որ 224 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության համար ծախսվել է 209 մլն ԱՄՆ դոլար: