16/11/2010 14:52
Սիլիստրայի քաղաքապետը ցանկանում է այցելել Հրազդանի մարզ
Նոյեմբերի 10-ին Սիլիստրայի քաղաքապետարանի օժանդակությամբ և հայ համայնքի նախաձեռնությամբ մեկնարկել են Բուլղարիայում գործող հայկական ամենահին` Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Նույն օրը քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արևելագետ, լրագրող և լուսանկարիչ, հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան և տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Ինչպես այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը, համայնքային խորհրդի նախագահի տեղակալ Նելի Ստոյլովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը, բուլղարահայեր, համայնքային խորհրդի, մշակութային ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ:
Ելույթում Նելի Ստոյլովան շնորհակալություն հայտնեց Սիլիստրայում բնակվող թեև փոքրաթիվ, սակայն ազդեցիկ և կազմակերպված հայ համայնքին` նշելով, որ համայնքն իր ներկայությամբ և գործունեությամբ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, և 390-ամյա «Սուրբ Աստվածածին» հոյակապ եկեղեցին այսօր դրա լավագույն ապացույցն է:
Հաջորդ օրը քաղաքապետարանում տեղի ունեցավ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Սիլիստրայի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին Սիլիստրա և Հրազդան քաղաքների համագործակցության ակտիվացման հեռանկարները, կարևորվեց երկու համայնքների պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպումը` միմյանց համայնքների ներուժին ծանոթանալու և գործնական ծրագրեր մշակելու նպատակով: Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը պատրաստակամություն հայտնեց 2011թ. գարնանն այցելել Հրազդանի մարզ: