17/11/2010 16:58
Արմեն Գևորգյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 48-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՏԿ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի թվում են մասնավորապես` մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության մասին շրջանակային ծրագրի, սպառողների պաշտպանության ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմնի ստեղծման մասին նախագծերը: Կքննարկվեն նաև ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի գործունեության, ԱՊՀ երկրներում մտավոր սեփականության պաշտպանության և իրավական պահպանության վիճակի մասին և այլ հարցեր:
Նշենք, որ փոխվարչապետը նոյեմբերի 19-ին կմիանա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը: