18/11/2010 10:15
Մեդվեդևը և Ալիևը Բաքվում կքննարկեն ԼՂ հիմնախդիրը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև Կասպից ծովի էներգակիրների տեղափոխումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ռուսաստանյան պատվիրակությունում աղբյուրը:
«Ես ենթադրում եմ, որ Ալիևի հետ հանդիպման գլխավոր թեման, անշուշտ, կլինի ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդիրը», - ասել է գործակալության աղբյուրը:
ՌԴ նախագահը այսօր Բաքվում ներկա կգտնվի Մերձկասպյան երրորդ գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Ղազախստանի և Իրանի նախագահների հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: