18/11/2010 15:24
Ս.Սուրենյանց. Աստանայում բեկում չի լինի
Աստանայում բեկում չի լինի և որևէ ճանապարհային քարտեզ չի ստորագրվի, այսօր ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի վերաբերյալ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով իր կանխատեսումները հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Աստանայում սպասել, որ բեկում կլինի կամ կներկայացվեն կողմերին ստորագրման որևէ փաստաթուղթ կարգավորման սկզբունքների շուրջ, ես քիչ հավանական եմ համարում», - ասաց բանախոսը:
Նրա կարծիքով` հնարավոր է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հումանիստական բնույթի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ինչպես Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ:
Քաղաքագետի խոսքով, կարգավորման փաստաթուղթն արդեն կա, և դա «մադրիդյան սկզբունքներն են», որոնք ժամանակի ընթացքում արդիականացվել են:
«Որևէ փաստաթղթի ստորագրումը հավանական չէ, քանի որ, ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են», - հավելեց Ս.Սուրենյանցը: