19/11/2010 13:48
ՀՅԴ. «Ադրբեջանին հատուցելու խնդիր չունենք»
ՀՅԴ-ի համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթները՝ ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, այսօր ասուլուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նշելով, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են, քանի որ «տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին»:
«Մնացածները սկզբունք չեն, մնացածներն այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են, և մեզ համար ընդունելի չեն։ Այդ առաջարկվող քայլերով անտեսվում է այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդն առնվազն երկու անգամ իր կամքն արտահայտել է հանրաքվեներով՝ 1991–ին և 2006–ին։ Այդ կամքն ասում է, որ ինքն ուզում է Ադրբեջանից անկախ ապրել»,– ասաց բանախոսը:
Կ.Մանոյանն ընդգծեց, որ 1988 թվականին Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ և իր սանձազերծած պատերազմում պարտվել է։
«Այսօր Ադրբեջանին հատուցելու խնդիր չունենք, հատկապես, որ այդ տարածքները նույնքան հայկական են, որքան միջնորդների ասած ԼՂՀ ցանկացած տարածք։ Ամենակարևորը՝ այդ տարածքներից հրաժարվելը փաստորեն անվտանգության հարց կստեղծի և Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի համար»,– ասաց Հայ դատի գրասենյակի պատասխանատուն:
Ի հավելումն, Կ.Մանոյանն ընդգծեց, որ արդար և կայուն խաղաղությանը հասնելու համար Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: