19/11/2010 14:00
«Հայաստանն անհապաղ պետք է նոր Արձանագրություններ ստորագրի»
Հայաստանն անհապաղ պետք է ետ վերցնի հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը, քանի որ «ողջամիտ ժամկետներից» արդեն ոչ ոք չի խոսում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ բանախոսի` Հայաստանը կարող է հանգիստ գնալ այդ քայլիn՝ հաշվի առնելով, որ Թուրքիան անկեղծ չէր բանակցությունների ժամանակ և առանց նախապայմանների Արձանագրությունները կյանքի չկոչեց:
Բանախոսի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի անցած փուլում Հայաստանն ավելի շատ տուժողի կարգավիճակում հայտնվեց, քան շահողի:
«Եթե իշխանություններն այս բանակցություններն սկսել են Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելու համար, թող շուտ ասեին։ Ես կասեի՝ սրանով ավելի շուտ իշխանությունների լեգիտիմության հարցը բարձրացվեց»,– ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Կ.Մանոյանի կարծիքով`Հայաստանն անհապաղ պետք է հետ վերցնի ստորագրությունը, պատրաստի երեք պարբերությունից բաղկացած նոր Արձանգրության նախագիծ, որտեղ հստակ կասվի, որ կողմերը որոշել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել ճանապարհները և խնդիրները կարգավորել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
«Իսկ այսօր Հայաստանն իրեն դրել է ճնշման տակ՝ Թուրքիային հնարավորություն տալով ասելու, թե ամբողջ տարածաշրջանում պետք է հարաբերությունները կարգավորվեն», - նշեց բանախոսը: