19/11/2010 10:57
Վարչապետը մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստին
Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգն ընդգրկում է 22 փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջև տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացմանը: Մասնավորապես քննարկման առարկա կդառնա Ազատ առևտրի վերաբերյալ Պայմանագրի նախապատրաստումը, որն ուղղված է փոխադարձ առևտրում մի շարք խոչընդոտների վերացմանը:
Միջպետական խորհրդի նիստի հավանությանը կներկայացվեն ԵվրԱզԷՍ-ի զարգացման առաջնահերթ ուղղությունների կյանքի կոչման միջոցառումները 2011-2013 թթ. և հետագա տարիների համար: Նախատեսվում է նաև քննարկել տնտեսվարող սուբյեկտների Մաքսային միության շրջանակներում վեճերի հարցով ԵվրԱզԷՍ-ի դատարան դիմելու Պայմանագրի նախագիծը:
Վարչապետների հանդիպման ժամանակ նախատեսվում է նաև հաստատել ԵվրԱզԷՍ-ի պետությունների պարենային անվտանգության Կոնցեպցիայի իրականացման միջոցառումների ծրագիրը, որը, մասնավորապես, նախատեսում է միասնական միջպետական գյուղատնտեսական ապրանքների, հումքի և մթերքների ապրանքաբաշխիչ համակարգի ստեղծում և զարգացում:
Նույն օրը տեղի կունենա նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության բարձրագույն մարմնի հերթական նիստը, որի ժամանակ նախատեսվում է որոշում ընդունել 4 փաստաթղթերի ուժի մեջ մտնելու մասին, որոնք ձևավորում են Մաքսային միության պայմանագրա-իրավական բազան: Սպասվում է նաև հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և չեզոքացնող միջոցառումների կիրառման ոլորտում համաձայնագրի ստորագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 28-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը:
Վարչապետը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ: