19/11/2010 13:33
Սոցինտեռնը շարունակում է ԼՂ կարգավորման հարցում իր ճիգերը
ՀՅԴ ներկայացուցիչները Փարիզում նոյեմբերի 15-16-ը մասնակցել են Ընկերվար Միջազգայնականի /Սոցինտեռն/ խորհրդի ժողովին, որի ավարտին խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձև: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ բանախոսի`բանաձևի հիմնական կետն այն է, որ Սոցինտեռնը որոշել է շարունակել իր ճիգերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` երկու կողմերի միջև երկխոսություն ստեղծելու համար:
«Բանաձևը կարևորում է ԼՂՀ հակամարտության կարգավորումը` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Իբրև առաջնային հարց դրված է ԼՂՀ կարգավիճակի պաշտոնականացումը և վերջնական կարգավիճակի ընդունումը, տեղահանված անձանց իրավունքների հաստատումը և զինադադարի պայմանագրի պահպանումը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա ընդգծեց, որ բանաձևում կոչ է արվում հարգել 1994 թվականի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել զինադադարի բոլոր տեսակի խախտումներից, ներառյալ` դիպուկահարներին հետ քաշելուց:
«Պարզ է, որ դիպուկահարների մասին կոչը Ադրբեջանին է ուղղվում»,- շեշտեց նա:
Ըստ Կ. Մանոյանի` բանաձևով Սոցինտեռնը կողմերին կոչ է անում հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների հասնելու համար: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նաև շեշտեց, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ Սոցինտեռնի բանաձևն ադրբեջանական կողմն արդեն իսկ հերքել է: