20/11/2010 13:02
Գ.Մելիքյան. Զորավարժությունները խիստ պատասխան էին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Արցախում անցկացված ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունները հստակ և խիստ պատասխան էին Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հայտարարություններին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
«Զորավարժությունները ցույց տվեցին, որ հայկական բանակն ուժեղ է և ունակ հակահարված տալ ցանկացած ոտնձգությունների և զավթողական պատերազմների»,- ընդգծեց բանախոսը, նշելով, որ զորավարժությունները նաև ազդակ էին այն գերտերություններին, որոնք կողմ են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
«Այն, ինչ ցուցադվեց Ադրբեջանին, ընդունելի էր աշխարհի գերտերությունների կողմից»,- ասաց նա:
Այդ տեսանկյունից Գ.Մելիքյանը կարևորեց նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա և նրա հանդիպումները ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
«Շատ ավելի կարևորում եմ Ռուսաստանի տարածքում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ մեզ համար կարևոր է Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղի անկախության ճանաչումը: Այլ խնդիր մեզ համար ուղղակի գոյություն չունի: Որևէ զիջում, որևէ փոխզիջման մաիսն խոսք ընդհանրապես լինել չի կարող, բացի Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին հայտարարությունից, որից հետո միայն բանակցությունների գործընթացի շարունակություն կսկսվի»,- ասաց պատգամավորը: