20/11/2010 09:26
Լիսաբոնում պայմանավորվել են միասնական ՀՀՊ ստեղծել
ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանելու նպատակով միասնական հակահրթիռային համակարգի (ՀՀՊ) ստեղծաման վերաբերյալ որոշում է ընդունվել Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այժմ սպասվում է, որ ՆԱՏՕ-ն կդիմի Ռուսաստանին` միանալ ՀՀՊ համակարգին, հաղորդում է Բի-բի-սի-ն:
Բացի այդ, կառույցի նոր ռազմավարությունում, որն ընդունվել է մոտակա 10 տարվա համար, նշվում է, որ ՆԱՏՕ-ն «որևէ վտանգ» չի ներկայացնում ՌԴ-ի համար: Այս փաստաթուղթը նախօրեին հաստատվել է ՆԱՏՕ-ի մասնակից 28 երկրների կողմից:
Այսօր Լիսաբոնում կկայանան Ռուսաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովները: Վերջինիս գլխավոր թեման է լինելու տնտեսությունը:
Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայանալիք՝ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Պորտուգալիա կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: