22/11/2010 14:17
Ա. Դավթյան. Իլհամ Ալիևը «դասալիքի բարդույթ» ունի
«Եթե Հայաստանի նախագահը մեկներ Լիսաբոն և մասնակցեր մի գագաթնաժողովի, որտեղ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա դա կարող էր վատ ազդանշան լինել Ադրբեջանի համար ու շահարկվեր նրա կողմից»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չգնալու որոշմանը` նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանարպետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա նաև կարևորեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որ ԼՂ հարցի կարգավորման գործում ՆԱՏՕ-ն դեր չունի։
Խոսելով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների մասին` ԱԺ պատգամավորը նշեց, որ Իլհամ Ալիևը «դասալիքի բարդույթ» ունի:
«Վերջին շրջանում տեսնում եք, որ Ադրբեջանի նախագահի հետ կապված ինտենսիվ թերապիայի միջոցառումներ են իրականացվում։ Խոսքը վերաբերում է և’ ԼՂ զորավարժություններին, և’ ՀՀ նախագահի Լիսաբոն չկայացած այցին, և’ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված են դասալքության բարդույթով։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք, ով հոխորտում ու անընդհատ խոսում է Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին այն պարագայում, երբ առաջին պատերազմի ժամանակ ինքը որևէ կերպ չի մասնակցել ոչ ռազմական գործողություններին, և ոչ էլ անգամ վառոդի հոտ է առել»,- ասաց ԱԺ պատգամավորը: