22/11/2010 13:39
ԱԺ պատգամավոր. «Բեկումնային փաստաթուղթ Աստանայում` անհնար է»
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ անհնար է ստորագրվի ԼՂ խնդրի հետ կապված որևէ բեկումնային փաստաթուղթ: Նման կարծիք արտահայտեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։
«Որևէ լուրջ, բեկումնային փաստաթղթի ընդունումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի հետ կնստի Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Ա. Դավթյանը` հավելելով, որ ԼՂՀ-ն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, այլապես ցանկացած խոսակցություն ԼՂ հարցի շուրջ անլուրջ է:
Ըստ ԱԺ պատգամավորի` բանակցելն ավելի ճիշտ է, քան շփումների բացակայությունը: Նա կարևորեց Աստանայի գագաթաժողովը և նշեց, որ այն ազդակ կինի Ադրբեջանի և, առաջին հերթին, նրա նախագահի համար, որ ԼՂ հակամարտության խնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։