22/11/2010 09:30
Դեպարդիեն կոչ է արել օգնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին
Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն դիմել է կոչով` հանգանակություններ կատարել Ֆրանսիայի հայկական հիմնադրամ («Հայաստան» հիմնադրամի շրջանակներում)` հանուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարգավաճման: Այդ մասին, ինչպես Aysor.am –ին հայտնեց ֆրանսիացի լրագրող Ժան Էքեյանը, դերասանն ասում է Youtube կայքում տեղադրված տեսահոլովակում:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին սիրված դերասանն այցելել էր Հայաստան: Երևան կատարած այցի շրջանակում նա հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հարգանքի տուրք էր մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում:
Մտերմանալ Հայաստանի հետ դերասանին օգնել է Հայկական մշակույթի հիմնադրամի նախագահ, Դեպարդիեի ընկեր Մեցո Իգիթյանը:
Նշենք, որ 2009 թվականին Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հավաքագրել էր 1,3 միլիոն եվրոյի հանգանակություն: Այս տարի Հիմնադրամը հովանավորում է հանրահայտ ջազմեն Անդրե Մանուկյանը: