22/11/2010 15:10
Արցախի նախագահի ելույթը Պասադենայում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար և մասնակցել կիրակնորյա պատարագին:
Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այնուհետև Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը և այնտեղ հանդես եկել ելույթով:
«Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել և ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի և հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում:
Վերջին 15 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:
Մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները և գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն:
Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է նաև խմելու ջրի հարցը: Այն ունի և քաղաքական, և տնտեսական, և սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում և մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս:
Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերի ներածին չափով թեթևացնել բնակչության հոգսերը: Այստեղ մենք ունենք որոշ հաջողություններ: Ինչպես արդեն նշեցի, մի շարք բնակավայրերում մեզ հաջողվել է լուծել այս հրատապ խնդիրը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետության կտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում:
Բարեկամներ, միասին մենք ի վիճակի ենք լուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը և այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետությունը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը և կառուցել ժամանակակից ջրային համակարգեր:
Մենք` հայերս, խոսելով հայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում «մեր հողն ու ջուրը» արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրը մարդուն հողի հետ կապող ամենակարևոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի: Եվ այս գործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:
Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայկական Սփյուռքը և միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին: Հենց ձեր` Սփյուռքի և Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ», - ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` ասել է Բակո Սահակյանը: