22/11/2010 16:30
Մակբեթ. Գերմանիան Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է
Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը թեմայով սեմինար, որը կազմակերպել են ՏՄՊՊՀ-ն և գերմանական GTZ կազմակերպությունը: Սեմինարին ներկա են ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի անդամներ, GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթը և միջազգային փորձագետներ:
Ա. Շաբոյանի խոսքերով` սեմինարի նպատակն է ամրապնդել հանձնաժողովի և հասարակության միջև կապերը, քանի որ դրանք իրականացվում են լրատվամիջոցների միջոցով:
Ըստ նրա` մրցակցության առումով մեր երկրում հասարակության իրազեկվածության մակարդակը բավականան ցածր է: «Ոլորտին առնչվող խնդիրները շատ են, հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել դրանք և անհրաժեշտ է հասարակության աջակցությունը»,- ասաց նա` կոչ անելով քաղաքացիներին` ոլորտին առնչվող խնդիրների հանդիպելիս` ահազանգել հանձնաժողովին:
Ջ. Մակբեթի խոսքերով` Գերմանիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանին և ՏՄՊՊՀ-ի գործունեությանը մի քանի պատճառներով, որոնցից առաջինն այն է, որ Գերմանիան Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է. «Հայաստանից ավելի շատ ապրանք է արտահանվում Գերմանիա, քան Ռուսաստանի Դաշնություն»:
Կարևորելով սեմինարի անցակացումը` նա ընդգծեց, որ վաղը` սեմինարի փակմանը, ներկա է լինելու նաև Հայասատանում Գերմանիայի դեսպանը:
Նշենք, որ երկօրյա սեմինարի ընթացքում կներկայացվեն աշխարհում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրները և ցույց կտրվի, թե տարբեր երկրներում ինչպես են պայքարում դրանց դեմ: Նախատեսվում է նման սեմինարների շարքի անցկացում նաև հետագայում: