22/11/2010 13:07
«Ապագան կառուցելու համար անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ»
Նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում կայացել է այդ երկրի օրենսդիր մարմնի և Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45 ամյակին. Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի երկու պալատների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հայ դատի և համայնքային այլ կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասսադան, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը:
Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին իր խոսքում մասնավորապես նշել է. «խորհրդարանի կողմից 1965 թվականին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության և մարդու իրավունքների գաղափարներին: Այդ որոշումը ցույց տվեց նաև, որ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ»: Նա ավելացրել է, որ «Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում»:
Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև այդ առիթով Դանիլո Աստորիին ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը, որի 45 ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլև մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ և խորհրդարաններ»: