23/11/2010 15:45
«ԱրմՊրոդէքսպո 2010»-ն ունի 66 մասնակից
Երևանում ընթանում է «ԱրմՊրոդէքսպո 2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները: «Արմպրոդէքսպո-2010»-ին մասնակցում են 66 արտադրական ձեռնարկություններ, արտասահմանյան և տեղական առևտրային կազմակերպություններ, որոնք ցուցահանդեսին ներկայացրել են ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք և կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ, պոլիգրաֆիական արտադրանք, փաթեթավորող նյութեր և այլն:
«ԱրմՊրոդէքսպո 2010» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա գնտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Չինաստանի դեսպան Տյան Չանչյունը, Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն, այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ցուցահանդեսը կարևոր քայլ կլինի հայրենական ապրանքների գովազդման, միջազգային շուկաներում դրանց տարածման, տնտեսական կապերի կայացման ու խորացման ուղղությամբ: Նա նկատեց, որ ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության առաջատար տնտեսվարող սուբյեկտները, ինպես նաև արտասահմանյան ընկերություններ, քանի որ ցուցահանդեսը լայն ճանաչում ունի նաև արտերկրում:
Նշենք, որ «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը կազմակերպվում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն»-ի, ՀՀ գյուղատնտեսության և արտաքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ: Այս տարվա ցուցահանդեսին մասնակցող 66 ընկերություններից 15-ը միջազգային են` Բելառուսից, Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Սլովենիայից: