23/11/2010 10:12
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Սահակաշվիլիին հաճելի անակնկալ մատուցեց
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Le Figaro» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Լիսաբոնում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը «հաճելի անակնկալ» մատուցեց իրեն, քանի որ Վրաստանի հարցը, հակառակ իր ակնկալիքներին, երկրորդական չէր:
«Դա ինձ համար հաճելի անակնկալ դարձավ: Վրաստանի հարցը երկրորդական չէր, չնայած օրակարգում ընդգրկված մեծ ծավալով խնդիրների` Աֆղանստան, նոր ռազմավարության ընդունում, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններ», - ասել է Վրաստանի նախագահը:
Սահակաշվիլին կարևորել է, որ գագաթնաժողովի շրջանակներում նշվել է, թե Վրաստանը մի օր կմտնի ՆԱՏՕ-ի կազմ:
Ընդունելով, որ ՌԴ-ի հարաբերությունները այս կառույցի հետ ջերմանում են, Սահակաշվիլին նշել է, որ Մոսկավան «պետք է դա հաստատի` կոնկրետ պարտավորվածություններ վերցնելով իր վրա»: