24/11/2010 10:29
Հայաստանը երբեք կասկածի տակ չի դնի Ցեղասպանության փաստը
«Եվ Հայաստանը, և Սիրիան գտնվում են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ մշտապես լարվածություն է նկատվել: Երկու երկրներն էլ բավական ծանրակշիռ գործոններ են, որոնց հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքական օրակարգում մերձավորարևելյան ուղղությունն առաջնահերթություններից մեկն է: Այդ տարածաշրջանում ցանկացած ցնցում և լարվածություն ուղղակի կամ անուղղակի կերպով իր ազդեցությունն է ունենում նաև մեր տարածաշրջանի վրա: Մինչդեռ յուրաքանչյուր պետություն ձգտում և ցանկանում է ապրել հարևանների հետ հաշտ և խաղաղ, զարգացման միտում դրսևորող տարածաշրջանում», - ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով նախօրեին երեկոյան Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստին:
Նա նշել է, որ հենց նման մղումներից ելնելով` անցյալ տարի Հայաստանն ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստակամություն հայտնեց կարգավորել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ:
«Ինչպես գիտեք, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրություն, ըստ որոնց` Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվում էին առանց նախապայմանների բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն ստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիայի իշխանությունները տարբեր մակարդակներով նախ որոշակիորեն քողարկված, ապա բացահայտ սկսեցին նախապայմաններ առաջադրել Հայաստանին` խոչընդոտելով հարաբերությունների կարգավորմանը: Քանի որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը տեղի է ունեցել բարձր միջնորդությամբ, ըստ էության, Թուրքիան նախապայմաններ առաջադրեց ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նրանց, ովքեր ներկա էին հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը, ովքեր հավատացել էին այդ երկրի ամենաբարձր մակարդակով հնչած հավաստիացումներին», - ասել է Հ.Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ի տարբերություն քաղաքականապես երերուն իր հարևանի, Հայաստանը պատրաստակամ է կատարել ստանձնած պարտավորությունները:
«Եթե մենք, աչքի առաջ իբրև անհերքելի փաստ ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը, մեր հոգում կրելով այդ ցավը, համաձայնում ենք նախապայմաններ չառաջադրել և հարաբերություններ հաստատել այսօր էլ իր մեղքը չընդունող երկրի հետ` որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդի, իսկ այդ երկիրն ինքն է պայմաններ առաջադրում, ապա այս պարագայում ավելի քան արդարացված ու տեղին էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` ժամանակավորապես առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Թուրքիան պետք է քաղաքական կամք ու պարկեշտություն ունենա շարունակելու կարգավորման գործընթացը, հրաժարվելու նախապայմաններից և վավերացնելու արձանագրություններն իր խորհրդարանում: Միայն այս պարագայում Հայաստանը կվերադառնա արձանագրությունների վավերացմանը, և, ըստ էության, հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարել է Հ.Աբրահամյանը:
Նա նշել է, որ ոչ այդ գործընթացը, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չեն նշանակում, թե Հայաստանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը:
«Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի այն, չի մասնակցի դրա շուրջ որևէ սակարկության: Ավելին, շարունակելու է հետամուտ լինել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացմանը, հասնելու միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտման, որովհետև նման հանցագործությունների դատապարտումը կանխարգելիչ ուժ կհանդիսանա հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը բացառելու համար», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը: