24/11/2010 10:35
Հայաստանը կողմ է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ելույթ ունենալով նախօրեին երեկոյան Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստին, նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որպես երկրորդ նախապայման Թուրքիան նշում է ԼՂ հակամարտությունը:
«Սակայն ի՞նչ կապ ունեն այդ երկու հարցերն իրար հետ և Թուրքիան ինքն այդ խնդրի հետ, երբ նա որևիցե փաստաթղթով երբևէ դրան չի առնչվել, որևէ միջազգային ատյանում նրան, որպես կողմնակալ երկրի, որևէ դեր չի վերապահվել: Վերջապես, միջազգային տարբեր կառույցներ բազմիցս նշել են, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը և ԼՂ խնդրի կարգավորումը տարբեր և առանձին գործընթացներ են: Իր քայլերով Թուրքիան պարզապես փորձում է աջակցել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և ապակառուցողական քայլերին` դրանով իսկ խոչընդոտելով խնդրի կարգավորմանը», - ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է նա:
Հ.Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն, անկախ այն բանից, թե դրանք որ տարածաշրջանում են` Կովկասում, Մերձավոր Արևելքում, թե այլուր:
«Մինչ Հայաստանը մշտապես հայտարարում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և հավատարիմ է իր խոսքին, Ադրբեջանն իր ռազմատենչությամբ և ապակառուցողական քայլերով ձախողում է կարգավորման գործընթացը և խաթարում կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մանավանդ որ երբևէ չի էլ եղել: ԼՂՀ-ն վաղուց արդեն իր կայացած պետական ինստիտուտներով և կառույցներով ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված ու կայացած պետություն է, ինչում դե ֆակտո համոզված է նաև միջազգային հանրությունը: Իսկ դե ֆակտո-ից դե յուրե, կարծում եմ, թեպետ դժվար և երկար, բայցևայնպես, հաղթահարելի ճանապարհ է:
Պատմությունը փաստում է, որ ատելությունն ու չարակամությունը երբեք չեն կարող որևէ երկրի կամ ժողովրդի լավ բան ու վստահելի ապագա բերել, չեն կարող մարդկության համար առաջընթաց ապահովել: Դեռևս 10-րդ դարում դա հասկացել են մեր երկու ժողովուրդների իմաստունները` Սիրիայի և ողջ արաբ ժողովրդի մեծ բանաստեղծ ու մտածող Աբու ալ-Ալա ալ-Մահարին և հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Ապրելով գրեթե նույն դարաշրջանում` նրանք խորիմաստ կերպով խոսել ու գրել են արդարության, մարդկային հոգու վեհության ու հանդուրժողականության մասին: Այդ ամենն արդիական են նաև այսօր, երբ աշխարհում հանդուրժողականության պակաս կա, ինչից տուժում են ժողովուրդներ և երկրներ: Իսկ Սիրիան բարյացկամության ու հանդուրժողականության, կրոնական երկխոսության ու քաղաքակրթությունների համադրման փայլուն օրինակ է, ինչում մեծ է երկրի իշխանությունների, լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադի և Սիրիայի այսօրվա առաջնորդ մեծարգո Բաշար ալ-Ասադի վաստակը», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա մաղթել է, որ հայ և սիրիացի ժողովուրդների ընթացքը պատմության մեջ լինի անընդհատ և վերընթաց:
«Թող մեզ մշտապես ուղեկից լինեն խաղաղությունը, արդարությունն ու լավատեսությունը», - ասել է Հ.Աբրահամյանը:
Օրվա վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել Սիրիայի առաջատար հեռուստաընկերություններին: