24/11/2010 09:24
Իրավիճակը Կորեական թերակղզում. միջազգային արձագանք
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր ղեկավարած երկիրը հաստատում է պարտավորվածությունները պաշտպանել Հարավային Կորեային` կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրետակոծման հետ: Բի-բի-սի-ն փոխանցում է, որ Օբաման ասել է, թե ենթադրություններ անելու փոխարեն կխորհրդակցի ստեղծված իրավիճակի շուրջ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ:
Կորեական թերակղզում իրավիճակի մեղմացման նպատակով Հարավային Կորեայում ՄԱԿ զորքերի հրամանատարությունը պահանջում է բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի իշխանությունների, ինչպես նաև բանակի ներկայացուցիչների հետ:
Ստեղծված իրավիճակը մտահոգում է նաև Ճապոնիային: Ռիա Նովոստին հաղորդում է, որ այս երկրի վարչապետ Նաոտո Կանը իր երկրի աջակցությունն է հայտնել Սեուլին: Նա նաև կոչ է արել Չինաստանին, որը մեծ ազդեցություն ունի ԿԺԴՀ-ի վրա, միասնական գործել:
Դատապարտելով տեղի ունեցածը` Նաոտո Կանը նշել է. «Մեր երկիրը սերտորեն կհամագործակցի Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ, մենք կոչ ենք անում Չինաստանին, որը մեծ ազդեցություն ունի ԿԺԴՀ-ի վրա, միասնական գործողություններով հանդես գալ ԿԺԴՀ-ի նկատմամբ»: