24/11/2010 12:52
Ընդունելություն Գլենդեյլում` Բակո Սահակյանի պատվին
Նոյեմբերի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին Գլենդեյլ քաղաքում բարերար Հակոբ Բաղդասարյանի առանձնատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում` այն համարելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խթաններից մեկը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: