25/11/2010 10:14
ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահը
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը:
Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարևոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարևոր համարեց նաև տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթանքները: ԱԺ նախագահը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց երկու երկրների նախագահների փոխայցերով:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ և իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղա¬քակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են:
ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում և երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը և խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն և խաղաղություն, քանի որ պատերազմները որևէ երկրի և ժողովրդի, բացի մարդկային և նյութական կորուստներից, որևէ օգուտ չեն բերել:
Կողմերը քննարկեցին փոխադարձ կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:
Հանդիպման վերջում Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանին խնդրեց իր ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: