25/11/2010 09:45
Լիբանանի հայերը «ջերմ» ընդունելություն են ցուցաբերել Էրդողանին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ` փորձելու լուծում գտնել Լիբանանի իշխանություններում հասունացող ճգնաժամին:
Թուրքիայի վարչապետին Լիբանանում սպասում էր «ջերմ» ընդունելություն տեղի հայ երիտասարդների կողմից: Ինչպես հաղորդում է Nouvelle d’Armenie-ն, վկայակոչելով Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդարյանին, հարյուրավոր երիտասարդ հայազգի երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ Էրդողանի Բեյրութ ժամանելուն:
Անհրաժեշտ է եղել ոստիկանության միջամտությունը, որպեսզի հեռացվեն Էրդողանի և Թուրքիայի հասցեին ուղղված «քաղցր խոսքերով» պաստառները:
Նշենք, որ Բեյրությում Էրդողանը հանդես է եկել առաջարկությամբ մեկ տարով հետաձգել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության առնչությամբ հետաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ դատարանը մտադիր է Հարիրիի սպանության մեջ մեղադրել «Հեզբոլլահ» շարժմանը:
Իր առաջարկությունը Էրդողանը հիմնավորել է նրանով, որ մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում իրավիճակը էապես կբարելավվի, ավելի կայուն կդառնա: Ըստ Էրդողանի, այդ ընթացքում ՖԱԹՀ-ը կբարիշի Համասի հետ, իսկ Իրանը` արաբական երկրների:
«Կարևորը պատերազմ թույլ չտալն է», - «Իսրայելական նորություններ» կայքի փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը: