25/11/2010 11:30
Բակո Սահակյանն ընդունել է «Արցախի զարգացման խմբի» անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին:
Ինչպես այսօր հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների և Արցախի միջև համագործակցության հետ կապված հարցեր:
ԼՂՀ ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության և ներհայկական կապերի ամրապնդման կարևոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը: