25/11/2010 14:16
«Հաջորդ փաստաթղթի ներքո ստորագրելու է նաև Լեռնային Ղարաբաղը»
«Գիտունիկի դեմքով որոշ մարդիկ սկսում են ուղղակի գուշակել` ահա ճանապարհային ևս մի քարտեզ կստիպեն, որ Հայաստանը ստորագրի հենց Աստանայում: Երևի թե այդ մարդիկ իրենց ցանկությունները փորձում են ներկայացնել որպես իրականություն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունների, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա նաև հավելեց, որ Զուրաբյանը շատ հեռու է բանակցային գործընթացից ու չի կարող համարվել լավատեղյակ` խորհուրդ տալով Զուրաբյանին «մեկ-մեկ իրեն համեստ պահել»:
Նա անհասկանալի է համարում, թե ինչու են հայաստանյան տարբեր ուժեր այդքան կարևորում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովն, ու ինչու է այդ թեման աղոթքի պես մի քանի շաբաթ կրկնվում: Քաղաքագետը համոզված է, որ Աստանայում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ Հայաստանին չի պարտադրվելու: Բացի այդ, նա նաև նշեց, որ «հաջորդ փաստաթղթի ներքո ստորագրելու է նաև ԼՂ-ն», որն այսօր շատ մոտ է բանակցություններին, ինչի մասին տարբեր պաշտոնյաններ էլ այդ մասին հայտարարություններ են անում:
Ս. Շաքարյանցը նշեց, որ միջազգային դիվանագետների հայտարարություններն ավելի շատ բան են ասում ԼՂ հակամարտության կարգավորման մասին. նրանք շեշտադրում են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հաճախակի դարձած հանդիպումները: Այս պարագայում, բանախոսը զարմանալի համարեց այն պնդումները, որ շուտով Աստանայում Հայաստանին պարտադրելու են պարտվողական փաստաթուղթ ստորագրել:
«Չի լինի նման բան: Տարածաշրջանի գլխավոր դերակատարները` Ռուսաստանն ու Իրանը, այդ հարցում եկել են փոխհամաձայնության»,- եզրափակեց քաղաքագետը: